Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվություն իրականացնող Deloitte Touche ընկերության վերլուծությունը էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածության վերաբերյալ պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ՝ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա ասել է, որ Deloitte Touche-ը սկսել է աշխատանքները: Ըստ պայմանագրի՝ առաջին փուլի աշխատանքներն ավարտվում են սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլինը՝ հոկտեմբերի վերջին, երրորդ փուլինը՝ նոյեմբերին:
Առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունը՝ սկսած արտադրողից մինչև սպառող 2010-2015 թվականների համար, էներգետիկ հաշվեկշռի, ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների գործընթացի վերլուծությունները, այդ թվում՝ հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների և կարգավորող հանձնաժողովի կողմից վերլուծության ենթարկվող ամբողջական ուսումնասիրության: Քննարկվելու են կանխատեսված, պլանավորված ցուցանիշների փաստացի շեղումների պատճառները, որոնք պայմանավորված կլինեն շուկայի հիմնական մասնակիցների ֆինանսական արդյունքներով, արտադրության ծավալներով, սպառված էլեկտրաէներգիայի ծավալներով, կլիմայական փոփոխությունների պայմաններով չնախատեսված խնդիրներով, ինչպես ատոմակայանի կանգառը, կարգավորող ընկերությունների կողմից կարգավորող հանձնաժողովին տրամադրված սակագների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում, թե ինչ է ներառված, ինչը՝ ոչ, որքանով են դրանք հիմնավորված»:
Վարչապետի հարցին՝ «սակագնի վերլուծության հիմնավորումը մենք մինչև սեպտեմբերի վերջ կունենա՞նք», Գաբրիելյանը արձագանքեց․ - «Այո, մասնավորապես, եզրակացությունը, որ պետք է տրվի առաջին փուլում, դա 2015-2016 թվականների սակագների, ինչպես նաև դրանց փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունների գնահատումն է: Սրանք այն եզրակացություններն են, որոնք, ըստ պայմանագրի, պետք է տրվեն առաջին փուլի վերջում»:
«Քանի որ մենք ունենք պայմանավորվածություն, և մինչև խորհրդատվության ավարտը հոսանքի թանկացման տարբերությունը վճարելու է կառավարությունը բնակիչների ու փոքր և միջին ձեռնարկությունների համար, ես կցանկանայի փոխհատուցման ծավալների ճշգրտման աշխատանքների մասին էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը կառավարությանը ներկայացներ, թե գործընթացը որ փուլում է գտնվում», - ասաց Հովիկ Աբրահամյանը: Երվանդ Զախարյանը հայտնեց, որ մինչև 500 կիլովատտ էլեկտրաէներգիա ծախսած բնակչության և ՓՄՁ-ների ցուցակները և ծավալները ՀԾԿՀ-ի ու ՀԷՑ-ի հետ ճշտվում են, մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն, և փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքում՝ մինչև ամսի 20-ը: Աշխատանքները կավարտվեն և վճարները կիրականացվեն: